ՀԷՑ-ի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ևս մեկ վանաձորցի բազմազավակ ընտանիք տնակից բնակարան տեղափոխվեց (լուսանկարներ)
Վանաձորցի հերթական բազմազավակ ընտանիքը ս․թ․ սեպտեմբերի 24-ին տնակից տեղափոխվեց բնակարան: Սիրադեղյանների ընտանիքը Վանաձորում 5-րդն է, որին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրը այս տարի բնակարան է նվիրում:
ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ բնակարան ստացած բոլոր ընտանիքներն ընտրվել են անչափահաս երեխաների առկայության սկզբունքով:
«Բոլոր շահառուներին մենք երկար ուսումնասիրել ենք, ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրողներին: Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերի մեծ մասն ուղղված են հենց այս խոցելի խմբերին»,-նշեց նա:
Սիրադեղյանների ընտանիքում չորս անչափահաս երեխա կա: Մայրը` Մարինեն, պատմեց, որ ինքն էլ, ամուսինն էլ մեծացել են տնակում, երեխաներն էլ տնակում են ծնվել, և չէր պատկերացնում, որ մի օր իրենց սեփական բնակարանը կունենան:
«Մեզ մեծ բախտ է վիճակվել, և զգացողությունները չեմ կարողանում բացատրել, տարբերությունը շատ է մեծ»,-անկեղծացավ Մարինե Դիլանյանը:
Նա ընդգծեց, որ ամենադրական ազդեցությունը, որ ունենալու է նոր բնակարանը, փոքրիկների նորովի սկսվող կյանքն է:
«Երեխաներիս ապագան ավելի բարեկեցիկ կլինի, նրանք էլ չեն կրի տնակում ապրողի պիտակը, կմտնեն նոր շրջապատ, նոր ընկերներ ձեռք կբերեն ու իրենց ընկճված չեն զգա, ինչպես` տնակում էին»,-ասաց նա` նշելով նաև, որ իրենց ապագան արդեն լուսավոր ու պայծառ է պատկերացնում, ինչպիսին նոր բնակարանն է:
12-ամյա ապագա ֆուտբոլիստ Էդուարդն անկեղծացավ, որ տնակում չուներ իր առանձին սենյակը, տնակը նեղ էր, չէին տեղավորվում, իսկ բնակարանում ազատ է ու հանգիստ: Կրտսեր եղբայրն ու քույրն էլ` Նարեկն ու Աննան, ոգևորված ներկայացրին, որ այժմ ավելի շատ ժամանակ կունենան իրենց սիրելի զբաղմունքներով` ծանրամարտով ու պարով զբաղվելու համար: Իսկ ընտանիքի ամենափոքր անդամը` 2,5-ամյա Արտյոմը, դեռ լավ չէր հասկանում` ինչ է կատարվել, բայց նոր բնակարանի գունավոր փուչիկներն ու նվերները շատ էր հավանել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում արդեն 25 սոցիալապես անապահով ընտանիք Գյումրիում ու Վանաձորում բնակարան են ստացել:



















