Լիբիայի ազգային բանակը հայտնել է Տրիպոլիում թուրքական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

11:36 • 26.09.19

Մարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակը հայտարարել է մայրաքաղաք Տրիպոլիի «Միտիգա» օդանավակայանի տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքի ոչնչացման դեպքի մասին, գրում է РИА Новости-ն:

«Լիբիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն ավիահարվածներ են հասցրել «Միտիգա» ավիաբազային` ոչնչացնելով ավիաբազայի տարածքում թուրքական անօդաչու թռչող սարք, ամբարներ և կրակային դիրքեր»,- ասվում է Լիբիայի ազգային բանակի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի` 2011 թվականի պաշտոնանկությունից և սպանությունից հետո Լիբիան փաստացիորեն դադարել է որպես մեկ պետություն գոյություն ունենալուց: Այժմ երկրում երկիշխանություն է: Երկրի արևելյան հատվածը ղեկավարում է ընտրված խորհրդարանը, իսկ արևմտյան հատվածը, որը ներառում է նաև Տրիպոլին, ղեկավարում է Եվրամիության և ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը` Ֆայեզ Սարաջի ղեկավարությամբ: Երկրի արևելյան հատվածը ղեկավարող իշխանությունը գործում է Տրիպոլիից անկախ և համագործակցում է Լիբիայի ազգային բանակի հետ: