Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել է, որ պատասխանատու է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը PBS-ի հետ զրույցում խոստովանել է, որ պատասխանատու է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, քանի որ այն տեղի է ունեցել իր «աչքի առաջ», գրում է Reuters գործակալությունը:
«Դա տեղի է ունեցել իմ հսկողության ներքո: Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը»,-լրագրող Մարտին Սմիթին հայտնել է նա՝ համաձայն «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը» փաստագրական ֆիլմի հրապարակված նախադիտման կադրերի, որը Խաշոգջիի մահվան մեկամյա տարելիցի նախաշեմին եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 1-ին:
Հարցին, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ առանց իր իմացության, նա հայտարարել է, որ իր թագավորությունում երեք միլիոն պետական ծառայող կա, այդ թվում՝ կառավարական ինքնաթիռներին հասանելիություն ունեցող պաշտոնյաներ:
Մարտին Սմիթի այն հարցին, թե արդյոք մարդասպանները կարող էին վերցրած լինել մասնավոր կառավարական ինքնաթիռներ, թագաժառանգը պատասխանել է, որ իր թագավորությունում շատ նախարարներ և պաշտոնյաներ ունեն նման իրավասություն:
Նշենք, որ բոլորովին վերջերս հրապարակվել էր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը: Լրագրողի սպանության ձայնագրությունը ձեռք էր բերվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից և փոխանցվել էր միջադեպի հետաքննությունն իրականացնող համապատասխան թուրքական մարմիններին, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներին և հաստատություններին:
«Բերանս փակ չեք պահի»,- հրապարակված ձայնագրությունում ասել էր Ջամալ Խաշոգջին:
Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:










