611 անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրացվեցին 20 000 դրամով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թվով 611 անատառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից բարձրացնել 20 000 դրամով:
Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառպահպանության գործառույթներ իրականացնող մեկ աշխատակցին բաժին է ընկնում միջինը 1500 հա տարածքի պահպանությունը: Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսությունում աշխատում է 19 ավագ անտառապետ, 80 անտառապետ և 512 անտառապահ:
«Անտառապետների միջին աշխատավարձը առանց հարկային պարտավորությունների կազմում է 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ: Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառապահների ծանրաբեռնվածությամբ և ցածր աշխատավարձերով»,- նշեց նա:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 43 մլն 992 հազար դրամ:










