Հետհեղափոխական Հայաստանում բոլորի նկատմամբ մեծ պահանջներ կան, հնարավոր է՝ մարդիկ դրանք չկարողանան կատարել․ ԱԽ քարտուղարը՝ Վ․ Օսիպյանի պաշտոնանկության մասին
Հետհեղափոխական Հայաստանում բոլորի նկատմամբ կան մեծ պահանջներ, հնարավոր է, որ որոշ մարդիկ այդ պահանջները չկարողանան իրականացնել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատմանը։
«Խնդիրներ են դրված, որ պետք է ՀՀ-ում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։ Հեղափոխության շրջանում հնչած բոլոր գաղափարներն ու մտքերը պետք է կարողանանք իրականություն դարձնել, բայց որոշ գերատեսչությունների ղեկավարներ մինչ այս պահը ցույց են տվել, որ չեն կարողանում, դրա համար էլ վարչապետը որոշում է կայացրել»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարը չցանկացավ խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ առաջադրանքներ չեն կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ոլորտն այնպիսին է, որ շատ հարցեր գաղտնի են։










