Արսեն Թորոսյանի`պոլիոմիելիտի պատվաստման հավելյալ հրամանը նշանակում է, որ արդեն ստացած պատվաստումն արդյունավետ չէր, կամ ուղղակիորեն սա ավանտյուրա է. բժիշկ (տեսանյութ)

19:43 • 26.09.19

Բժիշկ ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ պոլիոմիելիտի պատվաստման խնդրին: Նա նախ նշեց, որ չի կարելի անպատասխանատու կերպով մոտենալ պատվաստումներին.

«Գոյություն չունի առողջապահություն առանց պատվաստումների, և դրանց վերաբերյալ ցանկացած հրաման, հայտարարություն պետք է լինի փաստարկված և հիմնավորված: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պոլիոմիելիտի պատվաստման հրամանով նորից է չակերտավոր ասված` միջանկյալ պատվաստման հրաման տալիս, որը նախատեսում է  օրացույցից դուրս պատվաստում լինի»,-ասաց նա:

Նա նշեց, որ հավելյալ պատվաստման հրաման տալը նշանակում է, որ արդեն ստացած պատվաստումն արդյունավետ չէր, կամ ուղղակիորեն սա ավանտյուրա է: «Քանի որ նման դեպք չի արձանագրվել, հակված եմ, որ դա կարող է լինել ավանտյուրա»,-ասաց նա:

Ի դեպ, նա հայտնեց, որ քաղաքացիներից մեկը պարզել է, որ պատվաստանյութի QR կոդն անվավեր է, որը փաստում է ավանտյուրայի երևույթը, և ստացվում է՝ դա «լևի» պատվաստանյութ է:

Ըստ Գևորգ Գրիգորյանի` նման անպատասխանատու քայլերի հետևանքով առաջացած այս աժիոտաժի և ժողովրդի միջև եղած անվստահության խորացումը բերելու է ազգային անվտանգության խնդիրների խորացմանը: «Այսպիսի օյինբազությունների արդյունքում բնակչության մոտ պատվաստումների նկատմամբ վստահությունը կորչում է, դա հղի է ազգային անվտանգության սպառնալիքներով: Եթե չլինի կոլեկտիվ պաշտպանվածություն և պատվաստումների բավարար ծածկույթ, ապա պատերազմող երկրները, որոնցից մեկն էլ մենք ենք, կանգնած են շատ լուրջ վտանգի առաջ` ունենալ բիոզենքով հարված»,-ասաց նա:

Նա կոչ արեց զբաղվել այդ հարցով, քանի որ դա բոլորի խնդիրն է: «Հորդորում եմ Առողջապահության նախարարությանը զգոն լինել, հիմնավոր տեղեկատվություն տրամադրել, զերծ մնալ ավանտյուրաներից, հորդորում եմ իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով»,-ասաց և նշեց, որ այս ամենը արվում է նեղ անձնական շահերից ելնելով: