Երևանում քաղաքացուն պատճառվել է գույքային վնաս. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը (տեսանյութ)

18:34 • 26.09.19

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած  անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութ-սրճարանի  21-ամյա մենեջերից այն մասին, որ  նույն օրը, ժամը 03:00-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ ոտքով հարվածել և  կոտրել է վերոնշյալ հասցեում  գործող խանութ-սրճարանի  մուտքի ապակյա դուռը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ  21.05.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: