Հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը. Ա. Միրզոյանը՝ ԵՊՀ-ում

18:18 • 26.09.19

 

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Տիկնայք և պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս չափազանց նշանակալի տարեդարձի կապակցությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկության զարգացման պատմությունը նախևառաջ կրթության և կրթության համակարգերի զարգացման պատմություն է, որովհետև կրթությունն է կարևորագույն նախադրյալը, կարևորագույն նախապայմանը որևէ առաջընթացի, առաջադիմության և զարգացման: Եվ սա հրաշալի գիտակցում էին մեր նախահայրերը դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ:

Եվ սրա լավագույն ապացույցն էր, որ ամենադժվարին և պատերազմի պայմաններում, տնտեսական, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում Հայաստանի բազմաթիվ վայրերում հիմնվում էին համալսարաններ? վանական համալիրներին կից, որոնք իրենց ժամանակի համար առաջադիմության և առաջընթացի ջահակիրն էին դառնում. մարդկային, գիտական, հասարակական, քաղաքական մտքի առաջադիմության ջահակիրն էին դառնում: Եվ այդպես էր նաև 1915-ին:

Մեր Առաջին Հանրապետության գոյության տարիներին և բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում, պատերազմի պայմաններում, սովի, համաճարակի, գաղթականության մասին հոգ տանելու անհրաժեշտության պայմաններում նախարարների խորհուրդը 1919-ին որոշում կայացրեց հիմնադրել պետական համալսարան: Եվ դա, ըստ ինձ,

Առաջին Հանրապետության պատմության ամենաշրջադարձային և ամենակարևոր էջերից մեկն էր: Եվ այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց և կարևորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, թերևս կհամաձայնվեն ինձ հետ, որ հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը: Եվ այստեղ անգնահատելի է ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, ջանքերը, որոնք տարվել են այս պատերից ներս տասնամյակների ընթացքում: Եվ այս պահին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն դասախոսներին, ովքեր այս հարյուր տարվա ընթացքում վառ են իրականացրել իրենց կրթական, սերունդները դաստիարակելու մեծ և պատվաբեր առաքելությունը:

Միևնույն ժամանակ Մայր բուհը չէր լինի Մայր բուհ առանց այն ուսանողների, որոնք այս տարիների ընթացքում սովորել են Երևանի պետական համալսարանում: Եվ ասելով սովորել՝ ես, իհարկե, նախևառաջ նկատի ունեմ գիտակրթական պրոցեսը, բայց նաև նկատի ունեմ մյուս կողմն այս գործընթացի: Գործընթաց, որը մեզ բոլորիս, ինձ անձամբ հնարավորություն է տվել դառնալ քաղաքացի:

Իսկապես, ուսանողներն ավանդաբար հասարակության ամենաանկեղծ, ամենագործունյա և ամենամեծ փոփոխությունները բերող շերտն են:

Սովորաբար խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ մասնագետները մշտապես քննարկման առարկա են դարձնում ակադեմիական ազատությունների հարցը, բայց, իմ կարծիքով, ոչ պակաս կարևոր են նաև ուսանողական ազատությունները:

Մտածել և գործել: Ահա այն կարևորագույն դասը, որը տվել է ԵՊՀ-ն իր սերունդներին: Եվ նման օրինակները մեր պատմության էջերում բազմաթիվ են՝ սկսած խորհրդային շրջանում դիսիդենտական խմբերից  մինչև Ղարաբաղյան շարժում, Արցախյան պատերազմից մինչև Թավշյա հեղափոխություն, որտեղ ուսանողներն ունեցան ամենակարևոր և նշանակալի մասնակցությունը:

Եվ այսօր, երբ գրվում է մեր պատմության մի նոր էջ, սկիզբ է դրվում մի  նոր 100-ամյա գլխի, Մայր բուհն իսկապես մեծ և առաջնորդող դեր ունի մեր ազգային լավագույն իղձերի կյանքի կոչման գործում:

Եվս մեկ անգամ, շնորհավոր տարեդարձդ Երևանի պետական համալսարան, շնորհավոր մեր Մայր բուհի տարեդարձը, սիրելի՛ համալսարանականներ», -ասել է ԱԺ նախագահը:

Արարաը Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի և Մովսես Խորենացի մեդալներով: