Ավստրիայի ԱԳ նախկին նախարարին նվիրել են Պուտինի հետ իր լուսանկարը
Ավստրիայի նախկին արտգործնախարար Քերին Քնայսլը չորեքշաբթի նվեր է ստացել լուսանկար, որում պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Քնայսլը չորեքշաբթի զեկույցով է հանդես եկել ռուս-ավստրիական բարեկամության միության կողմից Վիեննայում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ելույթից հետո միության գլխավոր քարտուղար Ֆլորիան Շերմանը Քնայսլին է հանձնել նրա համար պատրաստված նվերը՝ ասելով. «Սա պարող զույգի լուսանկար է: Սա պարից առաջ էր, թե՞ հետո»: Վերջինս նկատի է ունեցել ավստրիացի գործչի և Պուտինի հայտնի պարը Քնայսլի հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին:
Նշվում է, որ ավստրուհին նախ շփոթվել է, հետո պատասխանել. «Պարից առաջ»: Լուսանկարում նրանք կանգնած են Ավստրիայի՝ ֆաշիզմից ազատագրման պայքարում ընկած խորհրդային զինվորների հուշարձանի առաջ։













