ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ԺՊ-ին հեռացրել են աշխատանքից ու ԺՊ նշանակել նրա աջ ձեռքին. աղբյուր

18:06 • 26.09.19

Արդարադատության նախարարությունն ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Սայադյանը՝ Արմեն Ամիրյանի խնամին, սեպտեմբերի 23-ին ազատվել է աշխատանքից:

Tert.am-ի հետ զրույցում աղբյուրը նշեց, որ երկարամյա աշխատանքից հետո նա հեռացվել է սեպտեմբերի 23-ին, սակայն կրկին ոչինչ չի փոխվի ՊՈԱԿ-ում, որովհետև ՊՈԱԿ-ի պաշտոնակատար է նշանակվել Արա Հովհաննիսյանը՝  նույն Սայադյանի աջ ձեռքը:

Արա Հովհաննիսյանի նշանակման մասին լուրը հաստատեցին նաև Արդարադատության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Tert.am-ը սեպտեմբերի 20-ին գրել էր, որ քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, 120-ից 50-ն արդեն գործազուրկ են, և այդ ամենն արվում է Բագրատ Սայադյանի ու նրա մերձավորների միջոցով: Այդ հրապարակումից հետո Սայադյանը հեռացվել է աշխատանքից:

Ինչ վերաբերում է Արա Հովհաննիսյանին, ապա աղբյուրը նշեց, որ նա ևս Սայադյանի հետ սպառնացել է բուժհաստատությունների բժիշկներին աշխատանքից ազատվելու դիմումներ գրել. «Նա մասնակցել է բոլոր ապօրինություններին ու անպատիժ մնացել, հիմա էլ ԺՊ է նշանակվել: Ասեմ նաև, որ Պետական վերահսկողական ծառայությունը, երբ ստուգումներ է իրականացրել կալանավայրերում, անդրադարձ է կատարել նաև բուժհաստատությանը, տվյալներն ուղարկվել են Դատախազություն, թե ինչ եղավ դրան, ինձ հայտնի չէ, բայց այնտեղ անդրադարձ կար բուժսպասարկման վատ աշխատանքին»:

Ինչ վերաբերում է բուժհաստատության աշխատակիցներին աշխատանքից հանելու վերաբերյալ սպառնալիքներին, ապա այն մարդիկ, ովքեր աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ են գրել, երկուշաբթի օրվանից հետո այդ դիմումները չեն քննվում և աշխատողները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ  ՔԿՀ բուժհաստատության բոլոր աշխատակիցները տեղափոխվելու են նոր ձևավորվող ՊՈԱԿ, որի բացումն, ի դեպ, հետաձգվել է, այնուհետև, ասել են, որ 2018-ի սեպտեմբերի 1-ից ՊՈԱԿ-ը գործելու է, բայց աշխատակիցները ոչինչից տեղյակ չեն եղել. «Ո՛չ աշխատավարձ, ո՛չ աշխատանքային պայմաններ, դե կոչումները չեն լինելու այլևս, ու սկսեց գործել խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևը, ում ուզում, տեղավորում է աշխատանքի Սայադյանը, Երևանից «Կոշ» է տանում, «Կոշից»՝ Վարդաշեն, անհետևանք, անուշադիր: Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների մասնագետները մնում են առանց աշխատանքի. ոչ սահմանված ընթացակարգով ազատվում են աշխատանքից: 120 բուժաշխատողից 50-ն արդեն ազատվել են աշխատանքից ու դարձել գործազուրկ»: