Հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծն ու մարտիկը, հիանալի ընկերն ու մեծանուն եվրոպացին. համաշխարհային առաջնորդները՝ Ժակ Շիրակի մասին
Ժակ Շիրակը մարտիկ էր, որը կարողացավ անմիջական կապ հաստատել ֆրանսիացիների հետ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահն անձնական կորուստ է անվանել երկրի ղեկավարի պաշտոնում նրան հաջորդած Նիկոլա Սարկոզին, որը Շիրակի նախագահության օրոք ընդգրկված էր կառավարության կազմում:
«Ժակ Շիրակի մահվամբ հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը: Նա սիրում էր Ֆրանսիան և ֆրանսիացիներին, սակայն նաև ճանապարհորդ էր աշխարհով մեկ՝ Աֆրիկայից մինչև Ասիա»,- իր թվիթերյան էջում գրել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Հաղորդվում է, որ Շիրակի պահվան պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է իր այցելությունը Ռոդեզ քաղաք: Այսօր երեկոյան վերջինս ուղերձով կդիմի ֆրանսիացի ժողովրդին:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հրահանգել է իջեցնել դրոշները բոլոր պաշտոնական շենքերում: «Նա միշտ կմնա մեր քաղաքապետը», - գրել է Իդալգոն
Իր ցավակցությունն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով Շիրակի անձնական ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում»:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ Շիրակի «ժառանգությունը հանրապետության և Եվրամիության համար հավերժ կլինի»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, կյանքից հեռացած գործչին անվանել է Գերմանիայի, գերմանացիների և անձամբ իր համար հիանալի գործընկեր:
Ժակ Շիրակին իր ընկերն ու մեծանուն եվրոպացի է անվանել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կյանքից հեռացած գործչին անվանել է «հոյակապ առաջնորդ, որը տասնամյակներ շարունակ որոշել է իր երկրի ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ 1995-2007 թվականներին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ժակ Շիրակը կյանքից հեռացել է 86 տարեկան հասակում՝ հարազատներով շրջապատված լինելով:










