Ծխելու, տնից զորամաս սնունդ չտանելու պատճառով զինծառայողները վիճաբանել են. կա երկու մեղադրյալ, գործը դատարանում է
Խոստացված սնունդը զորամաս չտանելու համար վիճաբանություն է սկսվել զորամասում, երկու զինծառայող գտնվում է մեղադրյալի կարգավիճակում։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ուղարկվել ս․թ․ սեպտեմբերի 24-ին:
Ըստ մեղադրանքի՝պարտադիր ժամկետային զինծառայող Է.Ա.-ն նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Ա.-ի կողմից ազատ արձակումից վերադառնալուց հետո խոստացված սնունդը չի տարել, այդ պատճառով վիճաբանության մեջ է մտել նրա հետ, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով թեթև վնասվածք:
Բացի այդ, Ս.Ա.-ի՝ սպայական սենյակում ծխախոտ ծխելու պատճառով, Է. Ա.-ն վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում հայհոյանք հնչեցնելով՝ ծեծի է ենթարկել Ս.Ա.-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով, կամ այլ բռնի գործողություններ կատարելով: Պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Շարքային Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազատ արձակումից վերադառնալուց հետո իր կողմից խոստացված սնունդը տնից չի բերել, այդ պատճառով,պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է. Ա.-ի հետ առաջացած վիճաբանության ժամանակ հայհոյել է նրան՝ դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Ս.Ա.-ին մեղարդանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:










