ANCA-ն շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար

12:45 • 27.09.19

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն առաջարկել է ամերիկահայ աստղին իր նորաստեղծ SKIMS ապրանքանիշը Հայաստան բերել և այստեղ արտադրություն կազմակերպել: 

«Տեղյակ ենք, որ Թուրքիայում սկսել եք Ձեր` SKIMS ապրանքանիշի ապրանքների արտադրությունը: Խնդրում ենք մտածել նույն արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մասին ևս, քանի որ Հայաստանը երկիր է, որն աշխարհին հայտնի է իր զարգացած արհեստագործությամբ և ծառայությունների մատուցման որակով»,- ասվում է Քիմ Քարդաշյանին ուղղված թվիթերյան գրառման մեջ:

Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղն արձագանքել է հանձնախմբի թվիթերյան գրառմանը: Նա նշել է, որ մոտ ապագայում մեկնելու է Հայաստան, և որ այնտեղ «մեծ պլաններ ունի»:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կմեկնեմ Հայաստան: Հուսով եմ՝ իմ այցով կկարողանամ նպաստել տեղի առևտրային ոլորտի առաջընթացին, հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը՝ ներառյալ այնտեղ՝ Հայաստանում, SKIMS ապրանքանիշի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

«Մենք անհամբեր սպասում ենք ձեր առաջիկա ուղևորությանը Հայաստան, գնահատում ենք այն ամենը, ինչ անում եք»,- արձագանքել է ANCA-ն: 

Նշենք, որ Քիմը SKIMS ապրանքանիշը հիմնադրել է այս տարվա ամռան սկզբին: Այն թողարկում է մարմինը ձգող ներքնազգեստի հավաքածուներ։

Հիշեցնենք, որ ամերիկահայ աստղը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

t>