Կալանավորվել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ Կարինե Ավդալյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։
Միջնորդությունը ներկայացրել էր Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժինը:
«Քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործի քննության ընթացքում Շիրակի մարզի դատախազության ակտիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում պարզվել է Կարինե Ավդալյանի կողմից բազմաթիվ անձանցից խաբեությամբ գումարներ հափշտակելու նոր և քննությանն անհայտ դրվագներ. մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք»,-ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ վերը թվարկածը հիմք է հանդիսացել 20․09․2019 թվականին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու որոշման կայացմանը, այն է՝ նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար։










