ԵՊՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

18:19 • 27.09.19

Ուզում եմ հավատալ՝ նոր ժամանակները կլինեն ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ. Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն իր ելույթի խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ ՀՀ-ում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20 –րդ դարի կյանքի ընթացքում»,-ասաց նա:

Վարչապետը մաղթեց, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինեն վերականգնել ԵՊՀ-ի երբեմնի փառքը, երբեմնի մեծությունը: «Ընդ որում, սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով, ինչպես բուհական համակարգն ընդհանրապես և մասնավորապես ԵՊՀ-ն պետք է դառնա ՀՀ-ի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը: Ուզում եմ, որ դնենք ԵՊՀ-ի միջազգայնացման խնդիր, որ պետք է դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին շատ բան ունենա առաջարկելու և բաց լինի աշխարհից վերցնել նորական գաղափարներ և ապահովել կրթական համակարգի հետագա զարգացումը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԵՊՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում: «Սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղվենք և ԵՊՀ-ն վերստին դարձնենք մտքի, գաղափարների ստեղծագործականության առաջատար ուժ»,-ասաց նա: