«Թրամփն առաջարկել է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները»․ Ռոհանի

18:52 • 27.09.19

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած Եվրոպական երկրների հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է չեղարկել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, գրում է korrespondent.net-ը՝ Իրանի նախագահի կայքին հղումով։

«Բանակցությունների մյուս թեման եղել է այն, որ պետք է չեղարկել պատժամիջոցները։ Ամերիկացիները հայտնել են, որ չեղյալ կհայտարարեն բոլոր պատժամիջոցները, բայց ոչ մեզ համար ընդունելի ձևով»,- հայտարարել է Ռոհանին։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել է․ «Իրանը ցանկանում էր, որ ես չեղյալ հայտարարեի իրենց դեմ սահմանված պատժամիջոցները՝ հանդիպում անցկացնելու փոխարեն։ Ես ասացի, իհարկե, ո՛չ»։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նախազգուշացրել են Իրանին, որ միջուկային համաձայնագրի հետագա խախտման դեպքում ԵՄ անդամները դուրս կգան համաձայնագրից:

Հաղորդվում է, որ երկրները հատուկ ընթացակարգ կգործարկեն համաձայնագրից դուրս գալու շուրջ վեճերը լուծելու համար, հետագայում փաստաթղթի ցանկացած խախտման դեպքում:

Նշվում է, որ նախազգուշացումը կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրանցի նախարարների հետ հանդիպման ժամանակ: