Սալվադորի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից սելֆի է արել և հայտարարել կազմակերպության աշխատանքի ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին

06:42 • 27.09.19

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին նախագահության հետ սելֆիով է սկսել, ապա ամբիոնից հայտարարել կազմակերպության աշխատանքի ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Լուսանկարը նա անմիջապես տեղադրել է իր թվիթերյան էջում:  

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին ձեր առջև գտնվելն ինձ համար մեծ պատիվ է, ինչով կցանկանայի կիսվել ամբողջ աշխարհի հետ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝  ասել է Բուկելեն՝ սելֆի անելուց հետո:

Քաղաքական գործչի խոսքով՝ Գլխավոր ասամբլեայի ձևաչափը ամեն օր հնանում է, մինչդեռ սոցիալական ցանցերում տեսանյութերն ու լուսանկարներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային լսարանի վրա:

«Մենք դեռ հիանալի հնարավորություն ունենք օգտագործելու սոցցանցը, որը կառուցվում է մեր աչքի առջև, որպեսզի ոչ միայն պահպանենք Գլխավոր ասամբլեայի նշանակությունը, այլև այն ավելի բարձրացնենք, կամ մենք բոլորս` ՄԱԿ-ի համակարգը, քաղաքական գործիչները, կառավարությունները և այլն, կարող ենք անտեսել այդ հնարավորությունը և սպասել, որ մեզ հետ տեղի ունենա այն, ինչ եղավ Kodak-ի և Blockbuster-ի (կինոյի վարձույթի ծառայություն) հետ», - նշել է Բուկելեն: