ԱՄՆ-ը նախատեսում է 200 զինծառայող ուղարկել Սաուդյան Արաբիա

02:36 • 27.09.19

Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումների ֆոնին, նախատեսում է թագավորությունում տեղակայել «Patriot» զենիթահրթիռային համակարգի մեկ մարտկոց, չորս ռադար և 200 զինծառայող: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոնաթան Հոֆմանը, հաղորդում է ТАСС-ը:

«Այդ համալրումը կուժեղացնի թագավորության հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը»,- նշել է Հոֆմանը՝ հավելելով, որ զորքերի տեղակայումն իրականացվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների խնդրանքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները: