Բրիտանական Stena Impero լցանավը երկու ամիս Իրանում գտնվելուց հետո ազատ է արձակվել և մտել է ԱՄԷ-ի տարածքային ջրեր

11:34 • 28.09.19

Բրիտանական Stena Impero լցանավը, որը երկու ամիս Իրանում գտնվելուց հետո ազատ է արձակվել, մտել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրեր, հաղորդում է Daily Mail-ը:

Refinitiv ծառայության միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Հորմուզի նեղուցում գրեթե երկու ամիս գտնվելուց հետո լցանավը մտել է Ռաշիդ նավահանգիստ:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Stena Impero-ն լքել է իրանական Բենդեր Աբբաս նավահանգիստը և ուղևորվել միջազգային ջրեր:

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: Ըստ իրանական կողմի՝ լցանավը հարվածել էր իրանական ձկնորսական նավին՝ անտեսելով նախազգուշացումներն ու տագնապի ազդանշանը: Կալանված նավում գտնվել են ՌԴ, Լատվիայի, Ֆիլիպինների և Հնդկաստանի քաղաքացիներ: