ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը

01:23 • 28.09.19

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ` այն համարելով անթույլատրելի։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

«Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։

Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: