Մի քանի երկրների խոշոր քաղաքներում տեղի կունենան բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն Ասանժի

05:34 • 28.09.19

Ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի խոշորագույն քաղաքներում տեղի կունենան բողոքի ակցիաներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունը:

«Սեպտեմբերի 28-ին տեղի կունենան բողոքի ակիաներ` ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի: Դրանք տեղի կունենան աշխարհի տարբեր երկրների խոշորագույն քաղաքներում»,- գրված է հայտարարությունում: Նշվում է, որ ակցիաներ տեղի կունենան ինչպես Բելմարշ կալանավայրում, որտեղ պահվում է Ասանժը, այնպես էլ Տորոնտոյում, Դենվերում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիդնեյում, Բրիսբենում և Մելբուռնում:

Հիշեցնենք, որ 2006թ.-ին Ասանժը գաղտնի տեղեկություններ էր հրապարակել մի շարք երկրների կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործունեության մասին: Շվեյցարիայում նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների համար: Վախենալով Միացյալ Նահանգներ արտահանձնվելուց՝ 2012թ.-ին նա քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և շուրջ 7 տարի բնակվել այնտեղ:

Ապրիլին Wikileaks-ի հիմնադիրը դիվանագիտական ապաստանից զրկվել էր համակեցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի և արձանագրությունների բազմակի խախտումների պատճառով, ինչից հետո բրիտանական ոստիկանությունը ձերբակալել էր նրան: Մեծ Բրիտանիայում Ասանժը մեղադրվում է 2012թ.-ին ըստ պահանջի դատարան չներկայանալու համար:

2018թ.-ին Վաշինգտոնը բրիտանական իշխանություններին նրան արտահանձնելու խնդրանք է ներկայացրել: Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանն Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման էր դատապարտել: Դիտարկվում է նաև նրան ԱՄՆ արտահանձնելու հնարավորությունը, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին հաքերային գործունեության համար մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում: