Գերմանիայում ձերբակալել են ֆրանսիացի «սարդ մարդուն» բարձրահարկ շենքը մագլցելու համար

22:28 • 28.09.19

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է հանրահայտ ֆրանսիացի «սարդ-մարդ» մականունն ստացած Ալեն Ռոբերին, երբ վերջինս Ֆրանկֆուրտում մագլցել է բարձրահարկ շենքի տանիքը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Spiegel-ին, 57-ամյա լեռնագնացը բարձրացել է քաղաքի բանկային թաղամասում գտնվող Skyper շենքի գագաթը: Ոստիկանությունը Ռոբերին ձերբակալել է, երբ նա բարեհաջող կերպով հաղթահարել է շենքի բարձրությունը 20 րոպեում և ցած է իջել:

Իրավապահ մարմինները ֆրանսիացուն ոստիկանական բաժանմունք են տարել: Ոստիկանությունը կարող է նրան մեղադրանք ներկայացնել հասարակական կարգի խախտման համար:  

Հունվարին ֆրանսիացին, որը հայտնի է դարձել տարբեր երկրներում առանց անվտանգությունն ապահովող հարմարանքների երկնաքերներ բարձրանալով, ձերբակալել էին Ֆիլիպիններում:

Բարձրահարկ շենքեր մագլցելով նա զբաղվում է 1994-ից ի վեր, և այս ընթացքում շուրջ 130 շինություն է նվաճել, այդ թվում և աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակը: