Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական շենքի ուղղությամբ
Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական համալիրի ուղղությամբ՝ լուրջ սպառնալիք ստեղծելով բոլորի անվտանգության համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հոնկոնգի բնակիչները շաբաթ փողոց են դուրս եկել՝ ի հիշատակ 2014 թվականի «անձրևանոցների հեղափոխության»: Այն սկսվել է այս օրն ուղիղ հինգ տարի առաջ: Այն ժամանակ ցուցարարները պահանջում էին համընդհանուր ընտրական իրավունք հատկացնել: Հեղափոխությունն իր անվանումն ստացել է, քանի որ ցուցարարներն աձրևանոցներ էին կիրառում ոստիկանների կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:
Իսկ ներկայիս ցույցերը պայմանավորված են արտահանձնման մասին օրենքով, որը Հոնկոնգի իշխանությունները հետաձգեցին չդադարող ցույցերի ֆոնին: Եռամսյա քաոսային իրավիճակից հետո իշխանությունները զիջումների գնացին հակակառավարական ցույցերի մասնակիցների 5 պահանջներից մեկով:
Ցուցարարները, սակայն, դժգոհ են մնացել և պահանջում են իրականացնել բոլոր 5 պահանջները: Նրանք պահանջում են դադարել օգտագործել «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պահանջում են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ինքնավար շրջանի ղեկավարի և օրենսդիր մարմնի համընդհանուր ընտրություններ անցկացնել:










