Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել մոտ 4000 մարդ
Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ժակ Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի, 86 տարեկանում, հարազատների շրջապատում: Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը՝ իր ավագ դստեր կողքին:
Ցավակցությունների գիրքը բացվել է հինգշաբթի երեկոյան:
Նշվում է, որ գրառումները զբաղեցրել են 500-600 էջ: Ցավակցությունների գրքեր են բացվել նաև Փարիզի քաղաքապետարանում և այլ քաղաքներում:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ նա՝ տիկնոջ հետ, մասնակցել էր 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Նա իր ելույթում ասել էր. «Խորին հուզմունքով է, որ ծանոթանում եմ հայկական հողին:
Հուզմունք, երբ մտածում եմ այն կապերի հնության մասին, որ մեզ միացնում են այն վաղ ժամանակներից, երբ Երուսաղեմի թագավորը` Բոդուեն Բուլոնցին, ամուսնացավ հայ իշխանուհի Արդայի հետ. 14-րդ դարի այն օրերից, երբ Կալեում մահացավ Լևոն 6-րդ Լուսինյանը` Հայաստանի վերջին թագավորը, որի շիրիմը գտնվում է Սեն Դենի բազիլիկում, Ֆրանսիայի թագավորների կողքին...
Ֆրանսիայի հրապարակը կլինի մեր բարեկամության խորհրդանիշը»:










