Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ. ՄԻՊ

10:23 • 28.09.19

Տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օրվա առթիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

Ուղերձում ասված է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Սեպտեմբերի 28-ը աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր:

Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Տեղեկատվության մատչելիությունը նշանակում է տեղեկությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար: Այն ենթադրում է ներառական գիտելիք ու ներառական հասարակություն:

Ժամանակակից աշխարհում թվային միջավայրը զարգանում է բարձր արագությամբ: Թվային տեխնոլոգիաները դառնում են տեղեկության կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով տեղեկության ավանդական աղբյուներին: Այս զարգացումները մի կողմից ապահովում են երկրի զարգացումը և հեշտացնում են մարդու կյանքը, տեղեկության մատչելիությունը դարձնում առավել արդյունավետ, մյուս կողմից՝ առաջ են բերում անհավասարություն:

Ուստի, պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:

Տեղեկությունը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ մարդն ունի հաշմանդամություն, չի նշանակում, թե նա պետք է զրկվի իրեն հետաքրքրող տեղեկությունների ինքնուրույն, արժանապատվորեն ծանոթանալու հնարավորությունից:

Այս օրվա հետ է կապվում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, քաղաքացիական հասարակության ու հատկապես երիտասարդության դերը, նոր սերնդի ներգրավվածությունը հասարակական կյանքին:

Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»: