Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրն ավելի քան 30 անձ է զոհվել

13:48 • 29.09.19

Աֆղանստանում ավելի քան 32 անձ զոհվել և 123-ը տուժել են նախագահական ընտությունների օրը տեղի ունեցած շուրջ 113 հարձակումների արդյունքում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական Պաժվոք գործակալության հայտարարությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ հարձակումներից 64-ի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը փոխանցել էր, որ նախագահական ընտրությունների օրը Աֆղանստանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են «Թալիբան» շարժման 34 զինյալների, իսկ 18-ը` ձերբակալվել են:

Նախագահական ընտրություններն Աֆղանստանում տեղի են ունեցել շաբաթ օրը: Քվեարկությունն ընթացել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում՝ կապված «Թալիբան» շարժման զինյալների՝ նախագահական ընտրությունները ձախողելու մտադրության վերաբերյալ նախնական հայտարարության հետ:

Նախորդող երկու շաբաթների ընթացքում, սակայն, նման մասշտաբի ահաբեկչության դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբեր ամսին ահաբեկչական գործողությունների արդյունքում մի քանի տասնյակ անձ է զոհվել, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը: