Եմենի մերձափնյա շրջանում տասնյակ մարդիկ տեղափոխող լաստանավ է անհետացել

14:13 • 29.09.19

Եմենի  Էլ-Մահրա շրջանի նավահանգստից դեպի Սոկոտրա կղզի ուղևորվող 55 անձ տեղափոխող լաստանավն անսպասելիորեն անհայտացել է, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:

Եմենի պաշտոնատար անձանց խոսքերով՝ լաստանավը նավահանգստից դուրս է եկել չորեքշաբթի օրը, սակայն վերջնական կետ այդպես էլ չի հասել: Նավի անհետացման լուրը հայտնի է դարձել շաբաթ օրը:

«Լաստանավի անհետացման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո մենք այն փոխանցեցինք Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիոն երկրների իշխանություններին: Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ»,- նշվում  է տեղական իշխանությունների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եմենում 2014 թվականի օգոստոս ամսից շարունակվում է նախագահ Աբդ Րաբբու Մանսուր Հադիի կողմնակիցների և շիիթ ապստամբների միջև զինված հակամարտությունը: 2015 թվականի մարտ ամսից կոնֆլիկտի մեջ՝ ի պաշտպանություն նախագահ Մանսուր Հադիի, ներգրավվեցին արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Այդ ժամանակվանից ի վեր՝ հուսիթները Սաուդյան Արաբիայի թագավորության տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ են իրականացնում՝ ի պատասխան Եմենում նրանց օբյեկտների ռմբահարման գործողությունների: