Հունական Լեսբոս կղզում գտնվող փախստականների ճամբարում անկարգություններ են տեղի ունեցել (լուսանկար)
Հունական Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարում կիրակի 2 հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, 2 անձ է զոհվել, գրում է korrespondent.net-ը` հղում անելով միջազգային և տեղական լրատվամիջոցների տեղեկատվությանը:
Հրդեհը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, քանի որ ճամբարի բնակիչների կարծիքով՝ երկու զոհերի մահվան պատճառը հրշեջների ուշ ժամանելն է եղել:
Միջադեպի ականատեսների վկայությամբ` հրդեհի բռնկումից ավելի քան 20 րոպե է անցել, մինչև հրշեջների մեքենան ճամբար է հասել:
Ծայր առած անկարգությունները կարգավորելու նպատակով ճամբար ոստիկանության հավելյալ ուժեր են ներգրավվել: AFP գործակալության լրագրողի տեղեկատվությամբ` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու նպատակով արցունքաբեր գազ է կիրառվել:
Ցուցարարները պահանջել են, որպեսզի նրանց տեղափոխեն այլ՝ Հունաստանի մայրցամաքային հատվածում գտնվող ճամբար:
Տեղական ոստիկանությունը և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հաղորդել են մեկ զոհի մասին, սակայն հունական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել ճամբարի ևս մեկ բնակչի մահվան մասին: Փախստականները պնդում են, որ հրդեհի հետևանքով մեկ կին և երկու երեխա է զոհվել:
Associated Press գործակալության փոխանցմամբ` հունական ոստիկանության ներկայացուցչի տվյալներով` ներգաղթյալներն առաջին հրդեհը կազմակերպել են ճամբարից ոչ հեռու գտնվող ձիթենիների պուրակում, իսկ 20 րոպե անց հրդեհ է բռնկվել ճամբարի` փախստականների ընդունման կետում և նրա հարակից տարածքում: Երկու հրդեհներն էլ հաջողվել է տեղայնացնել:
Սեպտեմբերի 19-ին «Մորիա» ճամբարի տարածքում ևս մեկ հրդեհի դեպք է գրանցվել: Հրդեհի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն այն մեծ թվով վրաններ և տնակներ է վնասել: Ըստ տեղական ոստիկանության տվյալների` հրդեհի պատճառը տարբեր ազգությունների պատկանող ներգաղթյալների միջև վեճն է եղել:













