ՀՀ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ ֆորումը հանդիսանում է լոգիստիկ սխեմաների վերաբերյալ տեսակետների փոխանակման արդյունավետ հարթակ: «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրներում տնտեսական աճի համար: Այս համատեքստում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումն է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ազատ առևտրային համաձայնագրերի ստորագրմանը, նշել է, որ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը: «Հայաստանի Հանրապետությունը՝ ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում: Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան»,-ասել է վարչապետը:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժն իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը:
Միջազգային համաժողովի արդյունքներով հրապարկվելու է հռչակագիր:












