Յուրա Իվանյանը նոր պաշտոնի չի նշանակվել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է. ՔԿ մամուլի խոսնակ
Պարզաբանեմ, որ Պարոն Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է «Կիբեռհանցագործությունները»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ Քննչական կոմիտեում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են կատարվել: Ըստ կայքում հրապարկված տեղեկության՝ մասնավորապես, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը:
Նշենք, որ Յուրա Իվանյանը Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավարն էր և հետագայում պարզվեց, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է: Հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: Փորձագետները և բնապահպանները կարծիք էին հայտնել, որ Իվանյանը չէր կարող այս հարցում անաչառ լինել՝ հաշվի առնելով բարեկամական կապը:
Այս տեղեկությունը ստուգելու համար Քննչական կոմիտեն Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակել:
Հրապարակումներ եղան, որ Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը հետագայում հերքվեց:










