Արարատի մարզպետը Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցրել է` հիմնվելով գյուղի դաշտում տեղի ունեցած «ավագանու նիստի» վրա. հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյան

12:57 • 30.09.19

Քիչ առաջ ավարտվեց Արարատի մարզպետարանում մարզպետի, Նորաշենի ղեկավարի և նորաշենցիների հանդիպումը. որևէ լուծում չգտնվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը:

«Մենք մի բան պարզեցինք, որ ավագանու, այսպես կոչված, «նիստը» եղել է հետևյալ կերպ՝ գյուղի դաշտում 5 հոգի զրուցել են, հիմա ասում են՝ եղել է ավագանու նիստ: Այսինքն՝ ավագանու անդամները հավաքվել են, զրուցել են, 4 հոգին որոշման տակ ստորագրել է, մեկը չի ստորագրել: Հիմա եթե 5 ավագանու անդամ ինչ-որ սրճարանում կամ այլ տեղում հանդիպեն, ուղղակի զրուցեն, ստացվում է մարզպետի համար սա ավագանու նիստ է»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մարզպետը որպես Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու պատճառաբանություն բերում է վերը նշված ավագանու որոշումը:

«Մարզպետարանից ասում են՝ մեզ բերել են արձանագրությունը, 4 հոգու ստորագրություն կա, ու կա արձանագրություն, որ նիստ է եղել:  Հիմա մենք ասում ենք՝ նիստի վայրը պետք է գրված լինի՝ որտեղ է եղել, որ ժամին: Մենք այդպես էլ չտեսանք այդ արձանագրությունը»,- նշեց նա:

Ներկայումս մարզպետարանի դիմաց է բողոքի ակցիա տեղի ունենում, Նորաշեն համայնքի բնակիչները վանկարկում են՝ «մարզպետ, հեռացիր»:

Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին: «Նաև նախորդ տարի դեկտեմբերին իրեն չեմ օգնել ընտրությունների ժամանակ, վիրավորվել է, ասել է՝ կտեսնես, կփոշմանես, դա է եղել ամբողջ պատճառը: Դրանից հետո անընդհատ ստուգումներ, լարվածություն, ավագանուն տրամադրել է իմ դեմ»,- Tert.am-ի զրույցում ասել էր Նորայր Գրիգորյանը: