Ամուլսարի քրգործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը, որի նկատմամբ ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, նոր պաշտոն է ստացել

13:57 • 30.09.19

Քննչական կոմիտեում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են կատարվել:

Ըստ կայքում հրապարկված տեղեկության՝ մասնավորապես, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը:

Նշենք, որ Յուրա Իվանյանը Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավարն էր և հետագայում պարզվեց, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է: Հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: Փորձագետները և բնապահպանները կարծիք էին հայտնել, որ Իվանյանը չէր կարող այս հարցում անաչառ լինել՝ հաշվի առնելով բարեկամական կապը:

Այս տեղեկությունը ստուգելու համար Քննչական կոմիտեն Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակել:

Հրապարակումներ եղան, որ Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը հետագայում հերքվեց:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը չի ավարտվել: