Արարատի մարզպետը Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցրել է` հիմնվելով գյուղի դաշտում տեղի ունեցած «ավագանու նիստի» վրա. հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյան
12:53
«Արարատի մարզպետը Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցրել է` հիմնվելով գյուղի դաշտում տեղի ունեցած «ավագանու նիստի» վրա». ավարտվեց Արարատի մարզպետի ու Նորաշենի համայնքապետի հանդիպումը
Քիչ առաջ ավարտվեց Արարատի մարզպետարանում մարզպետի, Նորաշենի ղեկավարի և նորաշենցիների հանդիպումը. որևէ լուծում չգտնվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը:
«Մենք մի բան պարզեցինք, որ ավագանու, այսպես կոչված, «նիստը» եղել է հետևյալ կերպ՝ գյուղի դաշտում 5 հոգի զրուցել են, հիմա ասում են՝ եղել է ավագանու նիստ: Այսինքն՝ ավագանու անդամները հավաքվել են, զրուցել են, 4 հոգին որոշման տակ ստորագրել է, մեկը չի ստորագրել: Հիմա եթե 5 ավագանու անդամ ինչ-որ սրճարանում կամ այլ տեղում հանդիպեն, ուղղակի զրուցեն, ստացվում է մարզպետի համար սա ավագանու նիստ է»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մարզպետը որպես Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու պատճառաբանություն բերում է վերը նշված ավագանու որոշումը:
«Մարզպետարանից ասում են՝ մեզ բերել են արձանագրությունը, 4 հոգու ստորագրություն կա, ու կա արձանագրություն, որ նիստ է եղել: Հիմա մենք ասում ենք՝ նիստի վայրը պետք է գրված լինի՝ որտեղ է եղել, որ ժամին: Մենք այդպես էլ չտեսանք այդ արձանագրությունը»,- նշեց նա:
Ներկայումս մարզպետարանի դիմաց է բողոքի ակցիա տեղի ունենում, Նորաշեն համայնքի բնակիչները վանկարկում են՝ «մարզպետ, հեռացիր»:
10:42
Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:
«Ես հերթական արձակուրդի մեջ եմ եղել, առանց ինձ ծանուցելու, մարզպետի պաշտոն զբաղեցրած անձը որոշել է իմ լիազորությունները դադարեցնել և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Ինձ չեն ծանուցել՝ ո՛չ բանավոր, ո՛չ հեռախոսով, ոչ մի գրություն, ոչ մի արձանագրություն չկա: Օգնականից իմացել եմ, ասում է՝ ավագանին որոշում է կայացրել, բայց նման որոշում, արձանագրություն չկա: Ես մինչև այս պահը տեղյակ չեմ, արձակուրդից գալիս եմ, տեսնում եմ համայնքն ունի երկու գյուղապետ՝ ես՝ 1400 հոգու կողմից ընտրված, և մարզպետի կողմից նշանակված ավագանու անդամը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Նորայր Գրիգորյանը հայտնեց, որ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն իրեն առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է:
«Նաև նախորդ տարի դեկտեմբերին իրեն չեմ օգնել ընտրությունների ժամանակ, վիրավորվել է, ասել է՝ կտեսնես, կփոշմանես, դա է եղել ամբողջ պատճառը: Դրանից հետո անընդհատ ստուգումներ, լարվածություն, ավագանուն տրամադրել է իմ դեմ: Ինչ հարցերով գնացել եմ, չի ընդունել, ամիսներով փորձել եմ մտնել մոտը, չի ընդունել: Մարզպետը նաև թքած ունի ժողովրդի կարծիքի վրա, հրավիրում ենք, չի գալիս, պարզաբանում ենք ուզում, չի տալիս»,- ասաց Նորայր Գրիգորյանը:










