Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին (տեսանյութ)

13:04 • 30.09.19

Այսօր աշխարհը վերջին հրաժեշտն է տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին: Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Euronews-ը: Արարողությանը մասնակցում են նաև օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշատակի արարողությանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դագաղը հանդիսավոր կերպով Հաշմանդամների տնից տեղափոխվել է Սեն Սյուլպիս կաթոլիկ եկեղեցի:

Համազգային հրաժեշտի արարողություն անցկացնելու ցանկություն էր հայտնել Շիրակի ընտանիքը: Բոլոր այցելուների համար նրանք գրքույկներ են պատրաստել՝ քաղաքական գործչի մտքերով:

Ավելի վաղ սեպտեմբերի 30-ն ազգային սգո օր էր հայտարարվել:

Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին, 86 տարեկանում: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան: 

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ նա՝ տիկնոջ հետ, մասնակցել էր 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Նա իր ելույթում ասել էր. «Խորին հուզմունքով է, որ ծանոթանում եմ հայկական հողին:
Հուզմունք, երբ մտածում եմ այն կապերի հնության մասին, որ մեզ միացնում են այն վաղ ժամանակներից, երբ Երուսաղեմի թագավորը` Բոդուեն Բուլոնցին, ամուսնացավ հայ իշխանուհի Արդայի հետ. 14-րդ դարի այն օրերից, երբ Կալեում մահացավ Լևոն 6-րդ Լուսինյանը` Հայաստանի վերջին թագավորը, որի շիրիմը գտնվում է Սեն Դենի բազիլիկում, Ֆրանսիայի թագավորների կողքին...
Ֆրանսիայի հրապարակը կլինի մեր բարեկամության խորհրդանիշը»: