Շվարցենեգերը Tesla-ի նորագույն էլեկտրամեքենա է նվիրել ՄԱԿ-ում հուզիչ ելույթ ունեցած ակտիվիստ աշակերտուհուն

22:01 • 30.09.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ և դերասան Առնոլդ Շվարցենեգերը Tesla Model 3 էլեկտրամեքենա է նվիրել շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան ընկերության կայքը։

Դերասանի մամլո քարտուղարի խոսքով՝ էլեկտրամեքենան անհրաժեշտ է աշակերտուհուն ԱՄՆ-ում և Կանադայում գտնվելու ընթացքում, որտեղ Տունմբերգը մտադիր է մասնակցել բնապահպանական բողոքի ակցիաներին։ Ինչպես նշել է Շվարցենեգերի ներկայացուցիչը, ավելի վաղ նա խնդրել է Տունբերգին դիմել իրեն օգնության համար, եթե որևէ բանի կարիք ունենա։

Նշվում է, որ դերասանն ու Տոնբերգն այս տարի ավելի վաղ հանդիպել էին Վիեննայում։ Այն ժամանակ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը հայտարարել էր, որ տպավորված է ակտիվիստուհու խիզախությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին 16-ամյա Գրետա Տունբերգը դիմել է միջազգային առաջնորդներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կլիմայական փոփոխություններին նվիրված նիստում՝ խոսելով կլիմայական փոփոխությունների պատճառով մարդկանց մահվան և էկոհամակարգերի վերացման մասին։