Զարթոնքում համայնքապետ է ընտրվել անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանը՝ հաղթելով նախկին գյուղապետին, որը հրաժարական ներկայացրեց թոռի կրակոցների միջադեպից հետո

11:44 • 30.09.19

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանը: Նա ստացել է ընտրությանը մասնակցած 975 ընտրողներից 522-ի վստահության քվեն:

Ուշագրավ է, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր նաև Զարթոնքի նախկին՝ 23 տարվա համայնքապետ Պարույր Սարգսյանը, որը ստացել է 436 քվե:

Հիշեցնենք, որ Զարթոնքում տևական ժամանակ բնակիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով Պարույր Սարգսյանի հրաժարականը, ով նշում էր, թե 20-30 հոգու պատճառով հրաժարական չի ներկայացնելու:

Նշենք, որ 2019 թ. ապրիլին Զարթոնք համայնքում Պարույր Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու նրա աջակիցների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ Սարգսյանի թոռը կրակոցներ էր արձակել: Դրանից հետո Պարույր Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, իսկ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:  

Պարույր Սարգսյանին էլ մեղադրանք էր առաջադրվել Ապրիլյան պատերազմի մասնակիցներին տրված օգնությունը յուրացնելու համար: Այս տարվա ապրիլին 13-ին Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել: