Մենք ունենք ընդգծված հարգանք բոլոր ուժային կառույցների նկատմամբ. «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչները կատարեցին ոստիկանների պահանջը
«ՎԵՏՕ» նախաձեռնության՝ Մատենադարանի դիմացից մեկնարկած հավաքի ներկայացուցիչներին ոստիկանները թույլ չտվեցին շարժվել դեպի Բաղրամյան 26: «Այս պահին պետական անվտանգությունը և հասարակական կարգի անվտանգությունը գերակա է, այդ պատճառով մենք չենք արգելում հավաքի անցկացումը, բայց որոշակի հատվածներում չենք թույլատրելու»,-տեղեկացրեցին հավաքի մասնակիցներին` հղում կատարելով օրենքին։
Ի պատասխան ոստիկանների դիտարկումներին՝ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մայլյանը նշեց, որ իրենք ունեն ընդգծված հարգանք բոլոր ուժային կառույցների, բոլոր ուսադիրներով մարդկանց նկատմամբ:
Այսպիսով, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար ընթերցվեց ուղերձը, երկինք բաց թողեցին փուչիկներ և, որպես վտանգի ազդանշան, բարձրացրեցին կարմիր ծուխ: Նարեկ Մայլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանների պահանջը օրինական է:
Ինչ վերաբերում է իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ դիտարկմանը՝ նա նշեց. «Ինձ հետ հաշվեհարդարի սպառնալիքները նորություն չեն և բազմաթիվ են, դրանցից մի քանիսով ոստիկանութունը գործեր է հարուցել և կարճել է, և մեկ արևանգման գործ գտնվում է դատարանում: Կոնկրետ այդ գործի մասին մոտ ժամանակներս պատրաստվում եմ ապշեցնող նյութ տեղադրել»:
Նարեկ Մայլյանն ասաց, որ իրենք, որպես ՀՀ քաղաքացիներ, բարձրաձայնում են օտարերկյա գործակալական ցանցերի վտանգի, կործանարար ազդեցությունների մասին և կոչ են անում այդ օրակարգի շուրջ համախմբվել:










