Բանտից փախած չինացուն, որը 17 տարի թաքնվել է քարանձավում, գտել են անօդաչու սարքի միջոցով

02:21 • 01.10.19

Բանտից փախած Չինաստանի քաղաքացին 17 տարի թաքնվել է փոքր լեռնային քարանձավում, Interfax-ի փոխանցմամբ՝ գրում է BBC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սուն Ցզյանը մեղավոր էր ճանաչվել կանանց և երեխաների թրաֆիքինգի մեջ և ուղարկվել է Յունան նահանգի բանտ, բայց 2002-ին նրան հաջողվել էր փախչել կալանավայրերից: Երկար տարիներ ոստիկանությունը չի կարողացել գտնել հանցագործի հետքը, սակայն 2019-ի սեպտեմբերի սկզբին նրանք տեղեկություն են ստացել նրա հնարավոր գտնվելու վայրի մասին:

Պարզվել է, որ Սուն Ցզյանն այդքան ժամանակ թաքնվել է Յունան նահանգում՝ իր հայրենի քաղաքից ոչ հեռու՝ քարանձավում: Սակայն նրա որոնումներն այդ տարածքում սկզբնական շրջանում ձախողվել են, մինչև ոստիկանությունը որոշել է անօդաչու սարք օգտագործել, որի շնորհիվ էլ միայն գտել են Ցզյանին:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, հանցագործն այդքան ժամանակ մենակ է եղել, նույնիսկ մոռացել է, թե ինչպես պետք է խոսել մարդկանց հետ: Բացի այդ, ըստ իրավապահների, նա տարիներ շարունակ չի լվացվել և չի լվացել իր հագուստը: Նրան տեղափոխել են կալանավայր պատիժը կրելու համար: