Մոնտե Կառլո հասած զբոսաշրջային նավի ուղևորները փոթորկի պատճառով գիշերել են բասկետբոլի ցուրտ մարզասրահում
Զբոսաշրջային նավի ուղևորները ստիպված են եղել գիշերել Մոնտե Կառլոյի ծովափին, այն բանից հետո, երբ փոթորկի պատճառով չեն կարողացել նավ վերադառնալ, Life.ru-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը:
«Սարսափելի էր: Այդ իրավիճակը փչացրեց մեր արձակուրդը: Մենք պետք է 1 օր անցկացնեինք մոլորակի ամենաշքեղ և ամենաթանկ վայրում, սակայն ստիպված եղանք գիշերել հատակին» - պատմել է երկու երեխաների մայր Ջուլիա Ռոուսոնը:
Մյուս ուղևորները նույնպես այս իրավիճակն ամոթալի են որակել և նշել են, որ դրսում շատ ցուրտ էր:
Ինչպես տեղեկացրել է զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը, նավով ուղևորությունն ընդհատվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
«Իհարկե, սա այն չէ, ինչ մենք կցանկանայինք մեր հյուրերի համար, սակայն անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,- ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ վատ եղանակի պատճառով 1170 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին, մեկ օր անցկացրել են Մոնտե Կառլոյում: Ուղևորներին նավակներով ափ են հասցրել, իսկ երբ նրանք ցանկացել են վերադառնալ նավ, փոթորկի պատճառով դա այլևս հնարավոր չի եղել: Նրանց տեղափոխել են բասկետբոլի սրահ, որտեղ շատերը ստիպված են եղել գիշերել ծալովի մահճակալների, ստվարաթղթե տուփերի կամ սառը գետնի վրա:










