Տարեցների արժանապատիվ կյանքը սերունդների միջև համերաշխության ու հասարակական կայունության երաշխիք է․ ՄԻՊ-ի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

11:14 • 01.10.19

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Տարեցների միջազգային օրվա առիթով ուղերձ է հղել, որում ասվում է. 

«Սիրելի՛ տարեցներ,

Սրտանց շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առիթով:

Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ձեզ՝ շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:

Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:

Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: 

Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:

Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:

ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»: