ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել է

13:15 • 01.10.19

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, բավարարել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Նորայր Փանոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը: Նա 2011-2014 թթ. զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը. «Դատարանը, իհարկե, կալանավորեց Հրայր Թովմասյանի սանիկին` Նորայր Փանոսյանին։ Բան է փոխվել երկրում»:

Նշենք, որ դատարանին նաև միջնորդություն էր ներկայացվել պաշտպանի կողմից` Փանոսյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: