Սալվադորում 48 սպանություն կատարելու մեղադրանքով 18 ոստիկան է ձերբակալվել
Սալվադորում ձերբակալվել են 14 գործող և 4 նախկին ոստիկաններ, որոնք մեղադրվում են 48 սպանություն կատարելու մեջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ռաուլ Մելարան, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք խափանել ենք այն ցանցի գործունեությունը, որի անդամները կատարել են 48 սպանություն, ինչպես նաև Մորասան և Սան Միգել շրջաններում ստեղծել են հանցավոր խմբավորում: Խմբավորումը բաղկացած է ոստիկանության 14 գործող աշխատակիցներից և 4 թոշակի անցածներից, նրանք բոլորն էլ ձերբակալվել են» - ասել է նա:
Մելարան նշել է, որ հանցագործները խուզարկության պատրվակով մտել են իրենց զոհերի տները:
Սալվադորը Լատինական Ամերիկայի այն երկրներից է, որտեղ շատ են սպանությունների և բռնությունների դեպքերը: Երկրի իշխանությունները գործարկել են հանցագործությունների դեմ պայքարի հատուկ պլան, որի շնորհիվ լինում են օրեր, որ սպանությունների մասին հաղորդումներ չեն ստացվում:










