Թուրքական ավիաընկերությունների թռիչքների անվտանգությունը կապահովեն քաղաքացիական հագուստով ոստիկանները

17:33 • 01.10.19

Թուրքական ավիաընկերությունների չվերթներն այսուհետ կուղեկցեն քաղաքացիական հագուստով ոստիկանները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ՆԳ նախարարության հրամանը, ըստ որի բոլոր չվերթները կուղեկցեն ամենաքիչը երկու քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

Տվյալ ոստիկանների պարտականությունները և աշխատանքի կանոնադրությունը շարադրված է Resmi gazete թերթում: Մասնավորապես՝ այս ոստիկանները պետք է ունենան համակարգում աշխատելու ամենաքիչը 5 տարվա փորձ:

«Օդային ոստիկանները պետք է վերադարձնեն ինքնաթիռի կառավարումն օդաչուին այն դեպքերում, երբ մեկ կամ մի քանի մարդ բռնության սպառնալիքներ հնչեցնելով փորձ են անում գրավել ինքնաթիռը: Նրանք նաև պետք է քայլեր ձեռնարկեն անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ապահովվելու ուղղությամբ»,-ասված է փաստաթղթում:

Այս ամենով հանդերձ, ոստիկանները կապված չեն օդաչուի հետ, նրանց ինքնությունը գաղտնի է պահվում ուղևորներից: Նրանց տոմսերի համար վճարում է ավիաընկերությունը: Ոստիկանների զենք-զինամթերքը, որոնք նրանք իրենց հետ պետք է ունենան, որոշվում է հատուկ պայմաններում, տնօրինության կողմից: