«Միսս Ուկրաինա 2019»-ը հրաժարվել է ուկրաիներեն խոսել
«Միսս Ուկրաինա 2019» տիտղոսակիր Մարգարիտա Պաշան խայտառակվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է խոսել ուկրաիներեն վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է 24tv.ua-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցազրույցից հետո 24-ամյա գեղեցկուհին Instagram-ում երկրպագուներին բացատրել է, որ նախընտրում է իր մտքերն արտահայտել այն լեզվով, որով իրեն ավելի հարմար է, մասնավորապես՝ ռուսերենով:
«Ես իրավունք ունեմ իմ մտքերն արտահայտել այն լեզվով, որով ցանկանում եմ (թե՞ Ուկրաինայի օրենսդրությունը թույլ չի տալիս, որ ես ռուսերեն մտածեմ)» - գրել է մոդելը սոցիալական ցանցում:
Այնուհետև Պաշան հեռացրել է գրառման վերջին մասը, սակայն սքրինշոթն անմիջապես տարածվել է համացանցում և քննադատության ալիք բարձրացրել: Օգտատերերը գրել են, որ չեն հասկանում, թե ինչու են Պաշային տվել «Միսս Ուկրաինա» տիտղոսը, եթե նա չի հարգում իր երկիրն ու լեզուն:
Երբ միջադեպը լայն արձագանք է գտել ուկրաինական ԶԼՄ-ներում, Պաշան Instagram-ում նոր գրառում է կատարել և վստահեցրել, որ սիրում է Ուկրաինան իր «բազմազգության և բազմամշակութայնության համար», ինչպես նաև միշտ հավատացել է «օրենքի գերակայությանն ու քաղաքացիների ժողովրդավարական ազատություններին»: Բացի այդ, նա հերքել է լուրերը, թե ինքը հրաժարվել է խոսել ուկրաիներեն:
«Ես հավասարապես լավ եմ խոսում երկու լեզվով էլ, դուք կարող եք համացանցում գտնել շատ տեսանյութեր, որոնցում ես հարցազրույցներ եմ տալիս թե՛ ռուսերեն, և՛ թե ուկրաիներեն»,- նշել է մոդելը:
Նա նաև պարզաբանել է, որ հրաժարվել է հարցազրույց տալ ուկրաիներեն՝ վատ ինքնազգացողության և հոգնածության պատճառով:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Ուկրաինայում ուժի մեջ է մտել բոլոր ոլորտներում բացառապես ուկրաիներենը կիրառելու մասին օրենքը: Սակայն որոշ դրույթներ կսկսեն գործել մի քանի տարվա ընթացքում:










