«ՎԵՏՕ»-ն վետո է հայտարարում օտարերկրյա գործակալական ցանցին, պետության քանդողներին, եկեղեցին պղծողներին․ նախաձեռնությունը կոչով դիմեց ԵԱՏՄ երկրների և Իրանի նախագահներին (թարմացված, տեսանյութ)
12:34
Մատենադարանի մոտ տեղի ունեցող հավաքին «ՎԵՏՕ» նախաձեռնությունը ներկայացվեց իր պայքարը «Բաց հասարակության հիմնադրամի դեմ»: Հասարական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը նշեց, որ որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն իրենց մասին, իրենց ռեսուրսները խիստ սահմանափակ են:
«Բայց մենք՝ վետօականներս, կոտրվող տեսակ չենք, ամեն շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտության բացահայտմամբ, մենք նահանջելու տեղ չունենք: «Բաց հասարակության հիմնադրամը» ամիսներ առաջ վախից փակեց իրենց կայքում գրանտակերների մասին տեղեկատվությունը, այս 22 տարվա մեջ առաջին անգամ այդ անունները թաքուն են պահվում: Բաց հասարակության հիմնադրամները ՎԵՏՕ-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ»,-հայտարարեց նա և տեղեկացրեց, որ, օրինակ՝ «Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 130 հազար ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար:
«Այս պահից սկսած՝ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցին` վետո, պետության քանդողներին` վետո, եկեղեցին պղծողներին՝ վետո, Սորոսի վաստակներին` վետո, մարդասպան ահաբեկիչներին` վետո, ստին ու կեղծիքին` վետո»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ պատրաստել են հայտարարության տեքստ, որը նախատեսում են տրամադրել մեր երկիր այցելած բարեկամ երկրների ղեկավարներին և տեղեկացնել «Սորոսի գործակալական ցանցի վտանգների» մասին: Նա նաև նշեց, որ ցանկանում են կոչ անել մեր երկրի հյուրերին՝ համախմբել բոլոր ուժերը ինչպես տնտեսության հարցերում, այնպես էլ անվտանգության հարցերում և Սորոսի գործակալական ցանցի դեմ պայքարում:
Նա կոչ արեց շարժվել Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ նիստը:
11:45
Մատենադարանի մոտ տեղի է ունենում «ՎԵՏՕ» նախաձեռնության հավաքը, որի նպատակն է իրազեկել ԵԱՏՄ անդամ-պետությունների և Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին:
Լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այդ շարժումը նպատակաուղղված է պետական ինստիտուտների ուժեղացմանը և հայկական արժեքների վերականգնմանը և պահպանմանը: Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո եկեղեցին թուլացնելու նպատակաուղղված քաղաքականություն է ընթանում:
«Առաջին որոշումը, որ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, Վեհափառ Հայրապետին պետական պահպանությունից զրկելն է եղել, և մենք տեսել ենք, որ դրանից հետո, ովքեր տարիներ շարունակ կուտակել էին իրենց մեջ այդ հակաեկեղեցական մաղձը, սկսեցին դրսևորել դա հրապարակներում»,-ասաց նա:
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ կենտրոնական հատվածում խցանումներ են: «Ինչպես տեսնում եք, ոստիկանությունն այս հավաքի համար աննախադեպ ուժեր է կուտակել»,-ասաց նա և նշեց, որ քիչ անց կմեկնարկի հավաքը:
11:08
Մատենադարանի մոտ տեղի է ունենում «ՎԵՏՕ» նախաձեռնության հավաքը:
Նախաձեռնության անդամները նշում են՝ ցանկանում են իրազեկել ԵԱՏՄ անդամ-պետությունների և Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին:










