Իտալիայի ոստիկանությունը Մոլդովայի քաղաքացուհու ճամպրուկում նորածնի դի է հայտնաբերել
Իտալիայի Վալլո դելլա Լուկանիա քաղաքի կարաբիներները Մոլդովայի քաղաքացիություն ունեցող կնոջ բնակարանում` ճամպրուկի մեջ, նորածնի դի են հայտնաբերել, գրում է РИА Новости-ն`հղում անելով քաղաքային դատախազությանը:
Իրավապահ մարմինները խուզարկությունը սկսել են այն բանից հետո, երբ տեղական հիվանդանոցից տեղեկություն են ստացել, որ շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել արյունահոսող մի կնոջ: Բժիշկներն իսկույն հասկացել են, որ գործ ունեն նոր ծննդաբերած կնոջ հետ, և այս մասին իսկույն տեղյակ են պահել ոստիկանությանը:
Ճամպրուկում գտնվող երեխայի մարմինը ոստիկանությունը դիահերձարան է ուղարկել, իսկ դատախազության քաղաքային մարմինը երեխայի մահվան գործով հետաքննություն է սկսել:
«Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ նախևառաջ պետք է պարզել` արդյոք երեխան մահացած է ծնվել, թե գործ ունենք առողջ երեխայի սպանության հետ: Մենք բժշկական փորձագետին արդեն իսկ տրամադրել ենք դիահերձում անցկացնելու համապատասխան թույլտվություն»,- գործակալությանը հայտնել է դատախազ Անտոնիո Ռիչչին:
Դատախազի կարծիքով` նման սարսափելի պատմությունը պետք է դաս լինի մայրանալ պատրաստվող բոլոր կանանց համար:
«Հղի կանայք` այդ թվում օտարերկրյա քաղաքացիները, պետք է իմանան, որ իտալական ոստիկանությունը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել, եթե նրանք այս կամ այն պատճառով դժվար իրավիճակում են հայտնվել»,- հավելել է Ռիչչին:










