Առանց ջրաչափության ջուր են տալիս ու պահանջում, որ իրենց ուզած թվի դիմաց ստորագրենք. Տնտեսվարող

20:19 • 02.10.19

Օգոստոսի 25-ից տնտեսվարող Ռաֆայել Մխիթարյանի հողատարածքի ջրամատակարարումը դադարեցվել է: Մոտ 40 հա հողում Մխիթարյանի մշակած առվյուտը գրեթե չորանում է: Տնտեսվարողը պնդում է, որ պայմանագրով նախատեսված բոլոր վճարումներն իրականացրել է: Նրա խոսքով, ջրօգտագործողները 25 հոգի են, որոնք ընտրում են տնօրենին:

«Այժմ բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են: «Արմավիր ՋՕ»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Արշակյանն անցյալ հինգշաբթի Գետաշենի բնակիչների հետ հանդիպեց, ուզում էր համոզել ու բանակցել, նա այստեղ տեղակալ էր նշանակված: Արշակյանը՝ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ՝ Հարություն Գուլյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է: Հունիսի վերջին Արշակյանն այցելեց այս տարածք, բերեց փաստաթղթեր ու ասաց, որ, եթե այդ թղթերի տակ չստորագրենք, մեր ջուրը դադարեցնելու են: Ես ասում եմ՝ ջրաչափություն չեք արել, ո՞նց եք անելու, ասաց՝ կապ չունի, ջուրը կդադարեցնենք, եթե չստորագրես»:

Մխիթարյանի խոսքով՝ եթե փաստաթուղթը ստորագրեր, ապա ջրի իր պարտքը կկազմեր 3 մլն 500 հազար դրամ: Տնտեսվարողը հրաժարվել է ստորագրել, ինչից հետո՝ հուլիսի մեկից մինչև հուլիսի 24-ը ջրամատակարարումը դադարեցրել են: Տնտեսվարողի խոսքով՝ ինքը դիմել է տարբեր պատկան մարմիններին. ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել: Այնուհետև ջրբաշխի մատյանում ստորագրել է, թե ինչքան ջուր է օգտագործել, իսկ դադարեցրած ժամանակահատվածի տողում գծիկներ է դրել, ինչից հետո Մխիթարյանի խոսքով գծիկների վրա թվեր են ավելացրել:

«Առանց ջրաչափության ջուր են տալիս ու պահանջում են, որ իրենց ուզած թվի դիմաց ստորագրենք: Ես դիմեցի ոստիկանություն, տևեց 25 օր: Այդ ընթացքում Արշակյանին նոր պաշտոն տվեցին՝ «Արմավիր ՋՕ»-ի տնօրեն: «Էջմիածնի ՋՕ»-ի տնօրեն մնաց Սամվել Համբարձումյանը: Հետո հասկացանք, որ, իրոք, ջրաչափություն չկա և հասույթային պլանով պիտի վճարենք, որը կազմում է 95 հազար դրամ 1 հեկտարի չափով ու իրենք պարտավորվում են ինձ 8 անգամ ջուր տալ»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը:

Տնտեսվարողը պնդում է, որ ՋՕ-ն ջուր չի տվել, սակայն պահանջում է վճարում կատարել։

«Էջմիածնի ՋՕ»-ի տնօրեն Սամվել Համբարձումյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տնտեսվարողը պարտավոր է կատարել վճարումները: Այս դեպքում Մխիթարյանը վճարում չի կատարել: 

«Ռաֆայելը բավականին պարտքեր ունի կուտակած, չի վճարել, ջրազրկել ենք»,-ասաց Համբարձումյանը:

Տնտեսվարող Ռաֆայել Մխիթարյանն էլ հերքեց Համբարձումյանի ասածն ու հավելեց, որ հինգշաբթի կրկին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյությում