Թուրքիայի կառավարությունը մտադիր է արգելել էլեկտրոնային ծխախոտի ներմուծումն ու վաճառքը

13:33 • 02.10.19

Թուրքիայի կառավարությունը մտադիր է արգելք սահմանել էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և վաճառքի հարցում. այս պահին կառավարությունը համապատասխան օրենդրական մեխանիզմների մշակման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում, գրում է «Անադոլու»-ն՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հայտարարությանը հղումով:

Քոջան նշել է, որ հարցը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը:

Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հայտարարություն է տարածել վեյփինգի սիրահարների շրջանում թոքային և շնչառական հիվանդությունների բռնկումների դեպքերի աճի վերաբերյալ: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը ծխախոտի նշված տեսակը նախընտրողներին հորդորել է հրաժարվել դրա օգտագործումից:

Հիվանդության հավանական պատճառը վիտամին E պարունակող յուղն է: ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների որակի ուսումնասիրությամբ զբաղվող վարչության մասնագետները նշված նյութը հայտնաբերել են հիվանդ վեյփերների կողմից օգտագործված մարիխուանայի խառնուրդների մեջ: Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարության աշխատակիցները նշել են, որ դեռևս չեն շտապում վերջնական եզրակացություն անել:

Ավելի վաղ կանադացի բժիշկները ևս արձանագրել են նշված հիվանդության նմանօրինակ դեպք: Դպրոցական տարիքի տղան շնչառական օրգանների սուր արտահայտված խնդրով բժշկական օգնության է դիմել, որի պատճառը, ամենայն հավանականությամբ, վեյփինգն է: