Հայկ Մարությանը դժվարությամբ փոխանցեց «Սանիթեքի» աշխատակիցների գումարը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
17:07
Թեև Հայկ Մարությանը դժվարությամբ փոխանցեց գումարը, սակայն մեզ հաջողվեց Երևանի քաղաքապետարանին պարտադրել կատարել իր պարտականությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց «Սանիթեքին» 160 մլն դրամ փոխանցելուն։
«Այսօր երեկոյան ժամը 4-ց հետո «Սանիթեքի» աշխատակիցները կարող են ստանալ իրենց գումարը»,- ասաց նա։
Աղեկյանը նաև հայտնեց, որ «Սանիթեքի» աշխատակիցներից 28-ն այժմ աշխատում են Երևանի սանմաքրման համայնքային հիմնարկում, իսկ մյուսները մնացել են բախտի քմահաճույքին։
«Տեղեկացա, որ այդ հիմնարկում այժմ մոտ Հնդկաստանի 2 տասնյակ քաաղքացիներ են աշխատում և Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, հետևաբար եթե աշխատատեղ կա, ապա պետք է առաջնահերթությունը հայերին տրվի»,- ընդգծեց նա։
15:05
Երևանի քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունից հետո, որ «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել 160 մլն դրամ և ֆինանսական որևէ պարտավորություն այլևս չունի, «Սանիթեքի» աշխատակիցները հրատապ մամուլի ասուլիս են հրավիրել:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» նշված գումարը փոխանցել է 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։
Հիշեցնենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա աշխատավարձը, սակայն քաղաքապետարանը նրանց պարզաբանել է, որ իրենց աշխատավարձ վճարողը քաղաքապետարանը չէ և հորդորել է դիմել իրենց գործատուին՝ «Սանիթեքին»։










