ԿԳՄՍՆ–ը գրքի փառատոնի մրցույթ չի հայտարարել, և 14 մլն շահել է հենց այդ մրցույթների պատասխանատուն. փոխնախարարը հակադարձում է՝ բաժնի պետն է շահել գումարը, բայց մրցույթով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է Գրքի երևանյան փառատոն, որի անցկացման համար, սակայն, մրցույթ չի հայտարարել. 14 մլն դրամն առանց մրցույթի տրամադրվել է նախարարության կողմից անցկացվող կրթական դրամաշնորհային մրցույթների պատասխանատուին՝ Հասմիկ Խեչիկյանին: Այսինքն, մարդու, որը պատասխանատու է մրցույթների իրականացման և դրանց անաչառության վերահսկման համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը:
Նրա կարծիքով, եթե օր առաջ արմատախիլ չարվի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացը, որի միջոցով պետությունից վերցված 14 մլն դրամով կազմակերպած փառատոնը, ապա հաջորդ տարի մարդիկ ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնելու:
«Դրամաշնորհը տրամադրվել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ին, և ինչպես ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացած քաղվածքից է երևում, ՀԿ-ի հիմնադիրը և նախագահը Հասմիկ Խեչիկյանն է, որն այս պահին զբաղեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գտնվող ազգային գրադարան ՊՈԱԿ-ի գրքի հանրահռչակման բաժին պետի պաշտոնը և ի պաշտոնե պատասխանատու է նախարարության կողմից անցկացվող կրթական դրամաշնորհային մրցույթների, դրանց անցկացման, վերահսկման և ֆինանսների բաշխման հաշվետվությունների ընդունման համար: Այսինքն՝ մարդը, որը պատասխանատու է մրցույթների իրականացման և դրանց անաչառության վերահսկման համար, նախարարությունից ստացել է գումար՝ առանց մրցույթի»,-ասաց նա:
«Դրամաշնորհային մրցույթը և գնումների մասին օրենքին համապատասխան իրականացվող մրցույթը տարբեր բաներ են: Դրամաշնորհային մրցույթներին ՀԿ-ները մասնակցում են իրենց իսկ ստեղծած ծրագրերով, իսկ գնումների մասին օրենքին համապատասխան մրցույթներ նախարարությունը հայտարարում է իր սեփական ծրագրերի իրականացման համար: «Գրքի Երևանյան փառատոնը» մշակույթի նախարարության ծրագիրն է և դրա ամենավառ ապացույցն այն է, որ նախորդ տարի այս փառատոնի կազմակերպման համար մշակույթի նախարարությունը հայտարարել էր գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչ դառնալու մրցույթ, որին մասնակցել են տարբեր կազմակերպություններ, եղել է հանձնաժողով, հանձնաժողովը բոլոր հայտերին տվել է բացասական պատասխան և ի վերջո փառատոնը կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը Ազգային գրադարան ՊՈԱԿ-ի նույն գրքի հանրահռչակում բաժնի միջոցով, իսկ հիմա այդ նույն բաժնի պետի միջոցով է կազմակերպվում, բաժնի պետն էլ իր ՀԿ-ով»,- բացատրեց Մանուկ Նիգոյանը։
Վերջինս նաև նշեց, որ պատրաստ է գնալ դատարան և ապացուցել իր հայտարարությունների ճշմարտացիությունը՝ ավելացնելով, որ հայտարարությունը և կից որոշ գրություններ արդեն ուղարկել են Գլխավոր դատախազություն, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
Հիշեցնենք, որ «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսել՝ «#Բոյկոտում_եմ_Գրքի_երևանյան_փառատոնը
#Դեմ_եմ_անօրինականությանը» հեշթեգով: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը, առանց պատշաճ մրցույթ հայտարարելու, դրամաշնորհ է տրամադրել իր աշխատակցի ՀԿ-ին՝ Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման համար, և պահանջում էր անհապաղ չեղյալ հայտարարել 2019թ. վերջին եռամսյակի համար հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները և ծառայողական վարույթ իրականացնել Հասմիկ Խեչիկյանի, ոլորտը համակարգող Նարինե Թուխիկյանի և այս գործընթացին մասնակցած բոլոր պաշտոնյաների նկատմամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) Tert.am-ի հետ զրույցում հերքեց Մանուկ Նիգոյանի հայտարարությունը՝ ասելով, որ իրենք հայտարարել են դրամաշնորհ և Հասմիկ Խեչիկյանի «Մշակութային հասարակություն»-ը հենց այդպես էլ շահել է այն:
«Հասմիկ Խեչիկյանն աշխատում է Ազգային գրադարանում և նաև ունի ՀԿ-ը, որը օրենքով արգելված չէ: Պարոն Նիգոյանը ևս ՀԿ ուներ և նույն ընթացքում աշխատում էր նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում»,-ասաց Նարինե Թուխիկյանը՝ ավելացնելով, որ Մանուկ Նիգոյանը չպետք է չմոռանա, որ ունի պարտավորություններ պետության հանդեպ՝ հաշվետվությունների առումով:
Հարցին, թե ի՞նչ հաշվետվություններն են դրանք, Նարինե Թուխիկյանը պատասխանեց.«Պարոն Նիգոյանը ուներ «Գրքի ինստիտուտ» ՀԿ-ն, որը 2017-ին դրամաշնորհով հաղթել էր մրցույթ Արցախի Հանրապետությունում, և պետք է կազմակերպեր համերգային ծրագիր, արժեքը մոտ 450,000 դրամ էր, և ըստ պայմանագրի համապատասխան կետի՝ վերջինս պետք է հաշվետվություն ներկայացներ մինչև 2017-ի դեկտեմբերի 20-ը, բայց Նիգոյանը հաշվետվությունը չի ներկայացրել, մեկ տարի գրեթե ուշացրել է, ինչի համար տույժ է սահմանվել, որը մինչև հիմա վճարված չէ: 2018 թ.-ին ևս Մանուկ Նիգոյանը իր նույն՝ «Գրքի ինստիտուտ» ՀԿ-ով Արցախում պետք է հյուրախաղեր կազմակերպեր և ժամկետը լրանում էր 2019 թ.-ի փետրվարին, արդեն անցել է շատ ժամանակ, բայց հաշվետվություն դեռ ներկայացված չէ: Այնպես որ, եթե խախտումների մասին խոսք կա, ուրեմն մենք կարող ենք հիշեցնել պարոն Նիգոյանին իր կատարած խախտումների մասին, երբ ինքը դեռ Համազգային թատրոնի տնօրենն էր և ՀԿ ուներ»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը:










